Tuesday, April 7, 2015

Փողոցի անունը Բաղրամյան է *_*


Մեկ, երկու, երեք, չորս: Աջ, ձախ, աջ, ձախ: Փորձում եմ ամեն ոտնաթաթս դնել ուղիղ ուղղանկյունաձև սալիկների անկյունագծերի հատման կետում: Սկզբում ձախ ոտքը, հետո ձախ ոտնաթաթի ուղղանկյունուց մեկ ուղղանկյուն վերև դնում եմ աջը: Ու այդպես երկար շարունակում եմ, մինչև ուղղանկյունիները վերջանում են ու սկսվում են երկար դեղին գծերը. ուրեմն կանգնելու ժամանակն է, քանի որ լուսացույցը կարմիր գույնի լույս է արձակում: Հիմա էլ ամեն մի քայլս մյուսից պետք է երկու գիծ հեռու լինի, որ պահպանվի հորինված անհեթեթ համաչափությունը: Բայց այս անգամ ալգորիթմս կիսատ մնաց. ամեն ինչ վերջացավ ավելի շուտ, քան պիտի վերջանար իմ խաղի օրենքներով, որովհետև ասֆալտի այս հատվածի դեղին զոլերը մի քիչ խամրած էին: Դա ինձ հունից հանեց, բայց ամեն դեպքում ստիպված գլուխս բարձրացրի ու սկսեցի զննել անցորդներին: Հիմա էլ պիտի նայեի սկզբում ձախ մայթի մարդկանց, ապա` աջ: Այդ ընթացքում աչքովս ընկան այլայլված դեմքերով, լույսի արագությամբ աշխատանքի սլացող անձինք, դիմացի մայթում նկատեցի ճեմող, ականջներին հոսանքի լարեր հագցրած երիտասարդ անցորդի, ում համար աշխարհը վերացել էր, ու մնացել էին միայն ռոք բալլադի նախերգանքի հնչյունները: Մեկ էլ տեսա, թե ինչպես է մի տարօրինակ տատիկ ձեռքը պարզած գալիս դեպի ինձ: Սկզբում կարծեցի` հացի փող է ուզում, բայց պարզվեց` տատիկն ուզում էր իմանալ Բաղրամյան փողոցի տեղը, ու ի ուրախություն թեինձ, թետատիկի, նա արդեն իսկ հասել էր Բաղրամյան: Այսօր փողոցում չափից շատ էին մեքենաները, ու ես ամբողջ ընթացքում մտածում էի մի շատ կարևոր հարցի շուրջ. արդյոք մեքենաներից երկինք խոյացող տհաճ ծու՞խն է ավելի անտանելի, թե՞ ականջի թմբկաթաղանթը ծակող ազդանշաններից հյուսված, դիսոնանսերով լի սիմֆոնիան: Եթե պատկերացնենք, որ այս փողոցը երաժշտություն է, ու փորձենք դինամիկայի նշաններ տեղադրել համապատասխան պահերին ու վայրերում, ապա կգանք այն եզրակացության, որ լուսացույցի կարմիր լույսի տակ փողային գործիքները նվագում են մեցցո պիանո, հետո պիանո, դեղին լույսը նրանց պարտիտուրան տանում է կրեսշենդոյի, իսկ կանաչի վառվելուն պես ստակկատոներով հասնում ենք ֆորտեսսիմոյի: Իսկ ես ահա հասա համալսարանի աստիճաններին: Այս անգամ համալսարանը չէր իմ նշանակետը, դրա համար էլ ուղղակի բարեկամաբար ձեռքով արեցի Մարշալ Բաղրամյանին ու շարունակեցի ճանապարհս: Մինչ սպասում էի, որ գետնին նորից հայտնվեն սալիկներ, ու ես սկսեմ ինչ-որ կոմբինացիաների միջոցով հետաքրքրություն մտցնել զբոսանքիս մեջ, իմ աջ կողմում հայտնվեց հայ-արգենտինական դպրոցն` իր մեծ կանաչ թիթեռնիկով ու ոչ պակաս կանաչ այբուբենով: Թե ինչու էր այբուբենի կողքին նստել այդ խոտե թիթեռը, չեմ կարող ասել, կարող եմ միայն ասել, որ այբուբենի վերջին` Ֆ տառից միայն սպիտակ գծագրումն էր մնացել: Երևի քամին էր քշել-տարել, կամ էլ ինչ-որ մեկը պոկել էր այն ու նվիրել իր քեռի Ֆիլիպին, Ֆելիքսին կամ Ֆերդինանտին: Այնուամենայնիվ, ահա և վերջապես եկավ այն հետաքրքիր պահը, երբ ագորաֆոբիկների համար անտանելիորեն լայն Բաղրամյանից անցում կատարեցի կլաուստրոֆոբիկների համար էլ ավելի անտանելի փակ ու մութ մի տարածություն, որը մարդիկ կոչում են գետնանցում: Այնտեղով քայլելիս ինձ կինոյի հերոս էի զգում, ով նարկոդիլերների հետ հանդիպման է գնում: Բայց իմ ֆանտաստիկ մտքերը խառնվեցին իրար, երբ գետնանցման մյուս կողմից երեխաների մի հսկա խումբ, դպրոցից մազապուրծ եղած, աղաղակներով ու ճիչերով սլացավ կողքովս, կամ ավելի ճիշտ վրայովս` տրորելով կոշիկներս: Նրանց ձայները երկար արձագանքեցին տարածքում վատ ակուստիկայի պատճառով: Ես արդեն դուրս էի գալիս այս անշուք վայրից, երբ պատահաբար կարդացի անցումի պատերից մեկին գրված տողերը: Ասում էր- “Make tolma, not war”, իսկ մի քանի քայլ հետո էլ ասում էր- “Թեղուտ”: Փաստորեն անցումները միայն մի մայթից մյուս մայթն անցնելու համար չեն: Դրանք տրանսպոզիցիայի մեթոդ են մի տոնայինությունից մյուսը, մի դիրքից մյուսը, մի կարծիքից մյուսը, մի գաղափարից մյուսը, մի կյանքից մյուսը: Ես էլ անցա մի աշխարհից մեկ այլ աշխարհ` երբ դուրս եկա այդ մութ գետնանցումից: Այդպես հասա Բաղրամյան 51 ու հենց այդ հասցեում նկատեցի մի հետաքրքիր երևույթ. միևնույն մայթի վրա հենց իրար կողքի երկու դեղատուն կար, ու կար ևս մեկ դեղատուն զուգահեռ մայթի վրա: Ես կառաջարկեի նաև երրորդի հարևանությամբ կառուցել չորրորդը, որպեսզի obsessive-compulsive disorder ունեցող և համաչափությունը պաշտող մարդիկ իրենց ավելի հանգիստ զգան: Ու մինչ խորհում էի այս դեղատների միջև մրցակցության ու առհասարակ նմանատիպ բիզնես գաղափարների մասին, հասա այն հայտնի հայելիներին, որոնց մասին գրել էր Անուշը: Կանգնեցի, նայեցի ինձ, գլխարկս ուղղեցի, մեկ րոպե լռությամբ հարգեցի գործարար մրջյունի հորեղբոր հիշատակը ու շարժվեցի առաջ` դեպի պայծառ ապագա: Շուտով նկատեցի, որ պայծառ ապագային հասնելու համար ինձ մնացել է մոտ մի տասը քայլ: Հասա Անելիք բանկին ու վերջացնելով անելիքս Բաղրամյան փողոցում` ճանապարհս շարունակեցի Երզնկյան փողոցով, որտեղ ինձ էր սպասում պայծառ ապագաս: 


No comments:

Post a Comment