Thursday, April 30, 2015

Կապույտ փուչիկի առիթով

Փողոցի նստարաններից մեկի ձախ կողմի դիմացի ոտքից թելով մի կապույտ փուչիկ էր կապած: Քամին այս ու այն կողմ էր տանում նրան` կարծես փորձելով ազատել կապանքներից: Պաթոս համար մեկ: Եկա, նստեցի այդ նստարանի աջ կողմում: Անձրևանոցս փակեցի, դրեցի կողքս ու սկսեցի նայել գետնին: Զրափոս, ծխախոտի մնացորդներ, մի երկու չորացած տերև, տասը դրամանոց մետաղադրամ ու մանդարինի կեղև: Զրափոսի մեջ երևացին կլոր աչքեր: Աչքերը գնալով ավելի մոտիկ ու մեծ թվացին: Աչքերը սևեռուն նայում էին ասֆալտին գոյացած ջրափոսի մեջ փայլող արևի արտացոլանքին: Երկար մտատանջումներից հետո ինչ-որ մեկը վերջապես վճռեց բռնել արևը. թաթով խփեց ջրին ու վախեցած հետ քաշվեց: Փոքր ալիքները սկսեցին հանդարտ խաղալ` փորձելով ջրի վրա լողացող կոնֆետի թուղթը տանել դեպի ելման դիրք: Շուտով արևը նորից հայտնվեց իր տեղում, և երբ կորան բոլոր բարակ ալիքները, ջրափոսի մեջ երևաց ինչ-որ մեկի պոչը:
-Փիս, փիս, փիս, - կանչեցի ես նրան:
Նա կասկածամիտ կնոջ հայացքով մի քանի վայրկյան զննեց ինձ ու կարծես համոզվելով, որ վտանգավոր չեմ`մոտեցավ նստարանին: Թաթը քսեց շալվարիս փողքին. ուզում էր, որ շոյեմ: Հետո սկսեցինք միասին հետևել մեզնից մի քանի քայլ աջ գտնվող սրահի ծաղկավաճառին: Վերջինս մեծ ոգևորությամբ դասավորում էր վարդերը, ձնծաղիկներն ու էլի ուրիշ մանր-մունր ցողունավորների: Կարծում եմ` հույս ուներ, որ անձրևից հետո որոշ սիրահարների արյան մեջ կբարձրանա ռոմանտիզմի չափաբաժինը, ու նրանք կշտապեն ծաղիկներ գնել սիրելիների համար: Ես, կատուն, մեր հարևան ծաղկավաճառը, ինչպես նաև դիմացի մայթի սրահի ծաղկավաճառը, որ մեր հարևանի ամենամեծ մրցակիցն էր, երկար ժամանակ հետևում էինք փողոցի անցուդարձին, սակայն անցորդներից ոչ մեկի մտքով դեռ չէր անցել նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը: Հանկարծ լսվեց ականջ ծակող ինչ-որ ձայն. պայթյունի էր նման: Շփոթված վեր թռա տեղիցս ու ավելի շփոթվեցի, երբ տեսա, որ կապույտ փուչիկը չկար, իսկ նստարանից ձախ կանգնած էր ինչ-որ ակնոցավոր ծերուկ` ձեռքին մի մեծ ասեղ:
-Ըհը~ն, չարը խափանվեց, - խորհրդավոր տոնով արտասանեց նա ու նստեց նստարանին:
Իմ զարմանքը սկզբում կրկնապատկվեց, հետո եռապատկվեց ու վերջապես քառապատկվեց, երբ ես զգացի, որ ծերուկի դեմքը շատ ծանոթ է ինձ: Բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչ գործ ունի Վուդի Ալենն այստեղ: Չէ՞ որ նրա բազմաթիվ տարօրինակությունների ֆոնին հայերեն իմանալն ու խոսելն արդեն լրիվ չափազանցություն կլիներ:
-Սենց էր պետք…Թե չէ փուչիկի մեջ լցրած գազի փողը էս նստարանին նստողից են ուզելու: Ասեղ ունես` գլուխդ պահի: Ճիշտ չէ՞, աղջի՛կ ջան:
-Ըըը, դե, եսիմ, - ապշանքս կոծկել փորձելով` մի կերպ արտաբերեցի ես:
-Մեծերը որ ասում են, ուրեմն մի բան գիտեն: Էն օրը գնացի բանկ վարձերը տալու, բոլորը հերթով վճարեցի ու արդեն դուրս էի գալիս, մեկ էլ ապակու հետևի աղջիկը հետևիցս կանչում է, թե բա` հորեղբայր Վիգեն, պուլպուլակի վարձը չեք տվել…Բա~…

Փաստորեն կողքիս ծերուկը Վուդին չէր, այլ Վիգենն էր, որովհետև Վուդի Ալենը հաստատ պուլպուլակի փողը պարտաճանաչորեն ամեն ինչից առաջ է վճարում:
-Իսկ վերջը տվեցի՞ք ,- ոչ հետաքրքրությունից ելնելով, այլ ուղղակի մեխանիկորեն հարցրի ես:
-Հահա~յ, էդ հա՞րց էր: Իհարկե` ոչ, չնայած գի՞տես, չէ՞... մեր ամեն չարած բան հենց մեր քթից էլ դուրս է գալիս: Օրինակ` եթե էրեկ հազար դրամ պուլպուլակի համար չեմ վճարել, ապա վաղը բնությունը քնից ելնելու է, ասի “Էս կարկուտը կտամ գլխիդ” ու հինգ մեշոկ կարկուտ է թափելու այգիներիս վրա…Կյանքի օրենքն էդպես է, աղջիկ ջան:
-Լավ չի…Իսկ էդ ասեղը մի՞շտ եք Ձեզ հետ ման տալիս, հորեղբայր Վիգեն , - մի փոքր կաշկանդված հարցրի ես:
-Անխոս, անխոս, մարդն իր հետ միշտ մի սուր բան պիտի ման տա: Ասեղ չունես` լեզուդ սրի: Դե ես փափուկ մարդ եմ, ավել-պակաս խոսելու հետ սեր չունեմ, դրա համար էլ ասեղս միշտ հետս է, երկու օր առաջ էլ թոռիցս Հայաստանի զինանշանով ասեղաման եմ նվեր ստացել: Շատ էլ գոհ եմ:
-Հա…ապրի թոռինկը: Շա՞տ թոռներ ունեք:
-Է~հ, չէ, բալիկ ջան, մենակ մի թոռ ունեմ: Մի քիչ տարօրինակ երեխա դուրս եկավ, ամբողջ օրը ա~յ էն կատվի պես մի շուն դեմը գցած դես ու դեն է գնում, բայց դե պապիկին լավ է նայում: Գոհ եմ:
Փուչիկի պայթյունի ձայնից վախեցած կատուն, որ մտել էր ծաղկավաճառի աթոռի տակ, կարծես զգաց, որ հենց նոր ինչ-որ մեկն իր անունը տվեց, ծուլորեն հորանջեց, վերցրեց պոչն ու շողոքորթելով մոտեցավ մեզ:
-Տես է~, ավազակը վըռազ բեղերը մտցնում է մեր խոսակցություն, -երջանկացած բարձրաձայնեց Վիգեն պապը, -փիս-փիս-փիս, կեղտո~տ լակոտ:
Վիգեն պապի ծիծաղելի ծիծաղից կատուն ավելի ոգևորվեց ու մեզ հետ մտերմանալու փորձեր կատարեց:
-Է~յ-է~յ-է~յ, հեռու՛, փիսի՛կ, կոշիկներս ցեխոտ են, - ընկերաբար զգուշացրի ես կատվին, ով որոշել էր ինքն իրեն օծել իմ կոշիկներին կպած ցեխով,-թաթիկներդ մի՛ քսիր:
-Վա~հ, ոչինչ, ոչինչ, աղջիկ ջան, թող մարդը ցեխին էլ ձեռք տա: Ասում են` առողջարար է:

... Շուտով մութն ընկավ: Հորեղբայր Վիգենը մի փոքր դժվարությամբ վեր կացավ տեղից, հետո մի քանի րոպե խորհելուց հետո ասեղամանից հանեց իր սիրելի ասեղը, դեմ տվեց ինձ ու ասաց.
-Ես տանը շատ ունեմ, վերցրու՛, բալի՛կ ջան, երիտասարդ ես, քեզ պետք կգա…
 Հեռանալուց առաջ նա չմոռացավ պոկել նստարանից կապած թելը, հետո գետնից վերցրեց տրաքած փուչիկի մասունքները, դրեց գրպանը, ինձ աչքով արեց ու ուղղելով ակնոցները` գնաց տուն:


Փաստորեն անձրևից հետո փողոցներն ու կոշիկները ցեխոտվում են, իսկ կատուներն էլ թաթով խփում են ջրափոսին, որ օգնեն քեզ մաքրել կոշիկներդ: Վերջնապաթոս:

No comments:

Post a Comment