Tuesday, April 28, 2015

Պատմություն մը ձանձրույթից մեռնողի


 Եվ ահա մի պայծառ առավոտ անցյալի ու ապագայի մասին բոլոր հիմար մտքերս թողնելով, որքան էլ պարադոքսալ կհնչի, անցյալում` կենտրոնացա ու որոշեցի լուծել ազգիս բոլոր խնդիրները: Այո, բոլոր: Ճիշտ այն պայծառ առավոտներից էր, երբ գրողները գրչի ծայրով ոլորում են իրենց բեղերը և սկսում գրել ծրագրային գործեր, որոնց միջոցով հույս ունեն, որ անպայման կարողանալու են ցույց տալ մեր ողջ ժողովրդի փրկության ուղին: Այո` ողջ: Ու նման ստեղծագործությունները ևս սկսվում են մի պայծառ առավոտի նկարագրությամբ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հիմնարար հարցերի լուծման համար շատ կարևոր են եղանակային պայմանները: Ամոթ է, որ գլխավոր հերոսի մահվան օրը լինի արևոտ, ու չի կարող պատահի, որ հաշվապահ Արուսի` տասը ամիս Ռուսաստանում ապրած ամուսին Սահակը  տուն վերադառնա մի փոթորկոտ ու մռայլ օր…

 Հավանաբար մեքենայի ապակուց ներս թափանցող արևի շողերի ջերմությունից էին աչքերս փակվել, ու մոռանալով, որ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր այդ պահին միգուցե կախված էր հենց ինձնից, ընկել էի մի լրիվ ուրիշ հարթությունում գտնվող երազների աշխարհ: Մի խոսքով` ինքնամոռաց քնել էի: Մեկ էլ հանկարծ ուղեղիս լսողության կենտրոնն ինչ-որ ծանոթ իմպուլսներ ստացավ: Աչքերս բացեցի ու մի պահ անկեղծորեն զարմացա, թե ով էր ղեկի մոտ նստած այդ գլխարկով անծանոթը, ով, կոտրելով բոլոր վարորդների` անճաշակ երաժշտության ջատագով լինելու կարծրատիպը, միացրել էր Lennon-ի “Imagine”-ն ու քթի տակ ինչ-որ բան էր շշնջում: Բայցևայնպես ինձնից պահանջվեց երեք ու կես րոպե հասկանալու համար, որ կես ժամ առաջ Արարատ քաղաքում նստել էի տաքսի ու այժմ Արարատ-Երևան մայրուղով սլանում էի հայոց մայրաքաղաք: Բայց ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե կոնկրետ որտեղ էինք գտնվում մենք այդ պահին: Ճանապարհի միապաղաղությունն ու անշուքությունն էին պատճառը, որ այս ճանապարհը շատ լավ իմացող մարդն, ով, սիրած երաժշտության հնչյունները լսելով, արթնանում է քնից, չի կարողանում միանգամից կռահել, թե ուր է հասել: Իջեցրի մեքենայի ապակին, ու աչքս ընկավ հեռվում նշմարվող եկեղեցուն: Սկզբում կարծեցի` Արտաշատում եմ, հետո նկատեցի, որ եկեղեցու գմբեթի տրամագիծը կարծես թե փոքրացել է, եկեղեցին` ընկճվել, կողքի շենքերն էլ մի տեսակ տխրել ու խեղճացել են: Վախեցա. հո բան չի՞ պատահել, կարո՞ ղ է հանկարծ պատահել այնպես, որ այս ամենը կապված լինի վերջին քաղաքական-տնտեսական իրադարձությունների հետ: Սակայն շուտով վերևից լույսի շրջանաձև շող իջավ գլխիս ու հասկացա, որ նախ Արարատից Երևան գնալիս Արտաշատը ուղղակի չի կարող հայտնվել քո ձախ կողմում (եթե իհարկե մեքենան հետընթաց չի շարժվում), և հետո էլ սա լրիվ ուրիշ սուրբ Հովհաննես է: Արտաշատի սուրբ Հովհաննեսը դժվար այսքան նիհար լիներ:
Փաստորեն հասել էի Մասիս քաղաք: Մասիսից շատ պարզ երևում էր Սիսը, իսկ Մասիսի կատարին մի մեծ ամպ էր նստել: Նրանք, ովքեր իրենց Նոյի սերունդներն են համարում ամպը ամենայն հավանականությամբ կնմանեցնեին տապանի: Բայց պարզվում է` ոչ բոլորն են Նոյին համարում իրենց գերդաստանի անդամ, կամ էլ նավի` օդում ծածանվող առագաստը նկատելու փոխարեն ավելի շուտ տեսնում են նավի բնակիչներին:

-Վա~յ, նապաստա~կ, - հանկարծ ոգևորությամբ ասաց վարորդը, - տես` ամպը նապաստակի նման է:

Գլուխս բարձրացրի. ճիշտ որ` նապաստակ էր: Ավելի շատ ուրախացա ոչ թե այն փաստից, որ երկնքում նապաստակ կա, այլ այն բանի համար, որ ինձ երբևէ չէին պատահել նման վարորդներ, ովքեր կարող են մոռանալ իրենց` գործարարի հաջողակ անցյալը և կենտրոնանալ ներկայի վրա: Չնայած դա այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ խնդիրն այն է, որ հասարակ վարորդը իրեն չի կարող թույլ տալ ամպերին երկար նայելու ճոխությունը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է բախվի մեկին, ով նույնպես սխալմամբ տարվել է երկնքով:
-Կարո՞ ղ եմ ձեզ խնդրել այստեղ մի քանի րոպե կանգ առնել: Ուզում եմ նկարել նապաստակին:
-Հա, իհարկե, բայց մի քիչ էլ պիտի առաջ գնանք:

Նոր էի գնել Canon լուսանկարչական սարք և ինձ թվում էր` աշխարհի ամենատաղանդավոր լուսանկարչն եմ: Քանի որ այդ հատվածում մեքենաներին չէր թույլատրվում կանգնել, ստիպված էի մի քիչ սպասել, մինչ վարորդը կգտներ մի հարմար տեղ:  Ու մինչև հայտնվեց այդ հարմար տեղը, մինչև իջա մեքենայից և կարգավորեցի ապարատի լուսավորությունն ու ընտրեցի հարմար դիրք, նապաստակս դարձավ մկրատ: Բայց դա ոչ մի կերպ պարտություն չհամարելով, ավելին, համարելով դա բարոյական հաղթանակ` մի քանի կադր արեցի, իսկ հետո էլ հայրենասեր սփյուռքահայի ոգևորությամբ օբյեկտիվն ուղղեցի դեպի Արարատ լեռը ու ուղիղ երեք անգամ սեղմեցի նկարելու կոճակը:

-Վերջ, կարող ենք շարունակել ճանապարհը:

Քաղաքավարի վարորդը բացեց մեքենայի դուռը: Մի փոքր դժվարությամբ տեղավորեցի մարմինս, հետո ավելի մեծ դժվարությամբ պայուսակիս մեջ տեղավորեցի ծանր ապարատն ու վերջապես բավարարվածությամբ փակեցի դուռը: Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը:

-Դեմ չեք լինի՞, որ ռադիո միացնեմ, - հարցրեց քաղաքավարի վարորդը:
-Մմմ...չէ, - համեստորեն պատասխանեցի ես:

Նրա ընտրությունը կանգնեց մի ռադիոկայանի վրա, որի միայն անունն իսկ ինձ մոտ արդեն վախ արթնացրեց. կոչվում էր “Ռադիո Զան”…Այդ պահին մոտս ցանկություն առաջացավ զանգել այդ կայանի տնօրենին ու պարզել`թե բա ընկեր ջան, ի՞ նչն է ստիպել Ձեզ ընտրել նման հետաքրքիր անվանում: Բայց չզանգեցի: Եվ ահա “Ռադիո Զան”-ով հայտարարեցին, որ այժմ կհնչի այս տարի Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում ներկայացնող “Genealogy” խմբի “Face the shadow” երգը, որն ի սկզբանե կրում էր “Don’t deny” անվանումը: Ես ու վարորդը մոտ երեք րոպե համակ ուշադրությամբ լսեցինք երգը, ապա ևս երեք րոպե, ու վերջապես հնչեց առաջին կարծիքը:
-Լավ գաղափար է, ազնիվ գործ են անում, - հպարտությամբ եզրակացրեց վարորդը:
-Հա, ազնիվ է: Միայն ափսոս, որ ազնիվ մետաղներն էլ, թեև քիմիապես կայուն, բայց միևնույնն է կռելի են, ու պատահում է` միջավայրի ազդեցության տակ նաև քայքայվում են:

Տիրեց բազմաբովանդակ լռություն: Լռության նպատակն էր ինձ հասկացնել, որ կան այնպիսի թեմաներ, որոնց շուրջ չի կարելի ծավալվել, ու որոնք շատերը չեն համարձակվում անգամ շոշափել:

-Բայց դե նոր Մոցարտ ո՞ րտեղից գտնենք, - խեղճացած կարծես արդարացավ վարորդը:

Այդ պահին չգիտես ինչու հիշեցի Միքայել Պողոսյանի “Խաթաբալադա” ներկայացումից մի հատված, երբ հարբած Մոցարտը պախարակում է իր մրցակցին, ասելով` “Սալիերի, բայց դու ինչ ախմախ կոմպոզիտոր ես”: Սակայն զսպելով սանձարձակ մտքերս` փոխեցի խոսակցության ուղղությունը.
-Խնդիրը Մոցարտը չէ, խնդիրը մոտեցումն է, վախն ու Ձեր իսկ ասած ազնվությունը: Ձևականությունները լի են վախով: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վախի զգացումը մտածելակերպի, հոգեբանության, գործողությունների ու նաև ֆիզիոլոգիայի վրա: 

Նորից եկավ լռության ժամը:

-Է~, դե մենք շատ փոքր երկիր ենք: Ի՞ նչ պիտի անենք: Ի՞ նչը պիտի փոխենք:


…Ճիշտն ասած այդպես էլ չհասկացա, թե ինչու էր ազնվությունն ուղիղ համեմատական, իսկ վախը` հակադարձ համեմատական մեր երկրի ֆիզիկական չափերին, բայց որոշեցի չշարունակել: Հանեցի ականջակալներս:

Եվս հինգ րոպե, ու մենք արդեն Երևանում էինք, բայց ինձ դեռ չէր հաջողվել լուծել ազգի խնդիրներից գոնե մեկը: Դրա համար էլ, ինչպես և ակնկալվում էր, երկնքում կայծակնային արագությամբ հայտնվեցին մեծ սև ամպեր, ու մեր ճանապարհորդության ամենավերջին փուլում մեքենայի գլխին լցվեց կեղտոտ անձրևաջուր, քանի որ ճիշտ չէր լինի, որ պատմությունը վերջանար չոր ու ցամաք` առանց քամու ու անձրևի: Ավե:


No comments:

Post a Comment