Thursday, April 30, 2015

Կապույտ փուչիկի առիթով

Փողոցի նստարաններից մեկի ձախ կողմի դիմացի ոտքից թելով մի կապույտ փուչիկ էր կապած: Քամին այս ու այն կողմ էր տանում նրան` կարծես փորձելով ազատել կապանքներից: Պաթոս համար մեկ: Եկա, նստեցի այդ նստարանի աջ կողմում: Անձրևանոցս փակեցի, դրեցի կողքս ու սկսեցի նայել գետնին: Զրափոս, ծխախոտի մնացորդներ, մի երկու չորացած տերև, տասը դրամանոց մետաղադրամ ու մանդարինի կեղև: Զրափոսի մեջ երևացին կլոր աչքեր: Աչքերը գնալով ավելի մոտիկ ու մեծ թվացին: Աչքերը սևեռուն նայում էին ասֆալտին գոյացած ջրափոսի մեջ փայլող արևի արտացոլանքին: Երկար մտատանջումներից հետո ինչ-որ մեկը վերջապես վճռեց բռնել արևը. թաթով խփեց ջրին ու վախեցած հետ քաշվեց: Փոքր ալիքները սկսեցին հանդարտ խաղալ` փորձելով ջրի վրա լողացող կոնֆետի թուղթը տանել դեպի ելման դիրք: Շուտով արևը նորից հայտնվեց իր տեղում, և երբ կորան բոլոր բարակ ալիքները, ջրափոսի մեջ երևաց ինչ-որ մեկի պոչը:
-Փիս, փիս, փիս, - կանչեցի ես նրան:
Նա կասկածամիտ կնոջ հայացքով մի քանի վայրկյան զննեց ինձ ու կարծես համոզվելով, որ վտանգավոր չեմ`մոտեցավ նստարանին: Թաթը քսեց շալվարիս փողքին. ուզում էր, որ շոյեմ: Հետո սկսեցինք միասին հետևել մեզնից մի քանի քայլ աջ գտնվող սրահի ծաղկավաճառին: Վերջինս մեծ ոգևորությամբ դասավորում էր վարդերը, ձնծաղիկներն ու էլի ուրիշ մանր-մունր ցողունավորների: Կարծում եմ` հույս ուներ, որ անձրևից հետո որոշ սիրահարների արյան մեջ կբարձրանա ռոմանտիզմի չափաբաժինը, ու նրանք կշտապեն ծաղիկներ գնել սիրելիների համար: Ես, կատուն, մեր հարևան ծաղկավաճառը, ինչպես նաև դիմացի մայթի սրահի ծաղկավաճառը, որ մեր հարևանի ամենամեծ մրցակիցն էր, երկար ժամանակ հետևում էինք փողոցի անցուդարձին, սակայն անցորդներից ոչ մեկի մտքով դեռ չէր անցել նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը: Հանկարծ լսվեց ականջ ծակող ինչ-որ ձայն. պայթյունի էր նման: Շփոթված վեր թռա տեղիցս ու ավելի շփոթվեցի, երբ տեսա, որ կապույտ փուչիկը չկար, իսկ նստարանից ձախ կանգնած էր ինչ-որ ակնոցավոր ծերուկ` ձեռքին մի մեծ ասեղ:
-Ըհը~ն, չարը խափանվեց, - խորհրդավոր տոնով արտասանեց նա ու նստեց նստարանին:
Իմ զարմանքը սկզբում կրկնապատկվեց, հետո եռապատկվեց ու վերջապես քառապատկվեց, երբ ես զգացի, որ ծերուկի դեմքը շատ ծանոթ է ինձ: Բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչ գործ ունի Վուդի Ալենն այստեղ: Չէ՞ որ նրա բազմաթիվ տարօրինակությունների ֆոնին հայերեն իմանալն ու խոսելն արդեն լրիվ չափազանցություն կլիներ:
-Սենց էր պետք…Թե չէ փուչիկի մեջ լցրած գազի փողը էս նստարանին նստողից են ուզելու: Ասեղ ունես` գլուխդ պահի: Ճիշտ չէ՞, աղջի՛կ ջան:
-Ըըը, դե, եսիմ, - ապշանքս կոծկել փորձելով` մի կերպ արտաբերեցի ես:
-Մեծերը որ ասում են, ուրեմն մի բան գիտեն: Էն օրը գնացի բանկ վարձերը տալու, բոլորը հերթով վճարեցի ու արդեն դուրս էի գալիս, մեկ էլ ապակու հետևի աղջիկը հետևիցս կանչում է, թե բա` հորեղբայր Վիգեն, պուլպուլակի վարձը չեք տվել…Բա~…

Փաստորեն կողքիս ծերուկը Վուդին չէր, այլ Վիգենն էր, որովհետև Վուդի Ալենը հաստատ պուլպուլակի փողը պարտաճանաչորեն ամեն ինչից առաջ է վճարում:
-Իսկ վերջը տվեցի՞ք ,- ոչ հետաքրքրությունից ելնելով, այլ ուղղակի մեխանիկորեն հարցրի ես:
-Հահա~յ, էդ հա՞րց էր: Իհարկե` ոչ, չնայած գի՞տես, չէ՞... մեր ամեն չարած բան հենց մեր քթից էլ դուրս է գալիս: Օրինակ` եթե էրեկ հազար դրամ պուլպուլակի համար չեմ վճարել, ապա վաղը բնությունը քնից ելնելու է, ասի “Էս կարկուտը կտամ գլխիդ” ու հինգ մեշոկ կարկուտ է թափելու այգիներիս վրա…Կյանքի օրենքն էդպես է, աղջիկ ջան:
-Լավ չի…Իսկ էդ ասեղը մի՞շտ եք Ձեզ հետ ման տալիս, հորեղբայր Վիգեն , - մի փոքր կաշկանդված հարցրի ես:
-Անխոս, անխոս, մարդն իր հետ միշտ մի սուր բան պիտի ման տա: Ասեղ չունես` լեզուդ սրի: Դե ես փափուկ մարդ եմ, ավել-պակաս խոսելու հետ սեր չունեմ, դրա համար էլ ասեղս միշտ հետս է, երկու օր առաջ էլ թոռիցս Հայաստանի զինանշանով ասեղաման եմ նվեր ստացել: Շատ էլ գոհ եմ:
-Հա…ապրի թոռինկը: Շա՞տ թոռներ ունեք:
-Է~հ, չէ, բալիկ ջան, մենակ մի թոռ ունեմ: Մի քիչ տարօրինակ երեխա դուրս եկավ, ամբողջ օրը ա~յ էն կատվի պես մի շուն դեմը գցած դես ու դեն է գնում, բայց դե պապիկին լավ է նայում: Գոհ եմ:
Փուչիկի պայթյունի ձայնից վախեցած կատուն, որ մտել էր ծաղկավաճառի աթոռի տակ, կարծես զգաց, որ հենց նոր ինչ-որ մեկն իր անունը տվեց, ծուլորեն հորանջեց, վերցրեց պոչն ու շողոքորթելով մոտեցավ մեզ:
-Տես է~, ավազակը վըռազ բեղերը մտցնում է մեր խոսակցություն, -երջանկացած բարձրաձայնեց Վիգեն պապը, -փիս-փիս-փիս, կեղտո~տ լակոտ:
Վիգեն պապի ծիծաղելի ծիծաղից կատուն ավելի ոգևորվեց ու մեզ հետ մտերմանալու փորձեր կատարեց:
-Է~յ-է~յ-է~յ, հեռու՛, փիսի՛կ, կոշիկներս ցեխոտ են, - ընկերաբար զգուշացրի ես կատվին, ով որոշել էր ինքն իրեն օծել իմ կոշիկներին կպած ցեխով,-թաթիկներդ մի՛ քսիր:
-Վա~հ, ոչինչ, ոչինչ, աղջիկ ջան, թող մարդը ցեխին էլ ձեռք տա: Ասում են` առողջարար է:

... Շուտով մութն ընկավ: Հորեղբայր Վիգենը մի փոքր դժվարությամբ վեր կացավ տեղից, հետո մի քանի րոպե խորհելուց հետո ասեղամանից հանեց իր սիրելի ասեղը, դեմ տվեց ինձ ու ասաց.
-Ես տանը շատ ունեմ, վերցրու՛, բալի՛կ ջան, երիտասարդ ես, քեզ պետք կգա…
 Հեռանալուց առաջ նա չմոռացավ պոկել նստարանից կապած թելը, հետո գետնից վերցրեց տրաքած փուչիկի մասունքները, դրեց գրպանը, ինձ աչքով արեց ու ուղղելով ակնոցները` գնաց տուն:


Փաստորեն անձրևից հետո փողոցներն ու կոշիկները ցեխոտվում են, իսկ կատուներն էլ թաթով խփում են ջրափոսին, որ օգնեն քեզ մաքրել կոշիկներդ: Վերջնապաթոս:

Wednesday, April 29, 2015

Թաքամինե Գակկի` իմ լույս

Եվ ահա քանի տարի է անցել այն օրվանից, երբ մարդկանց հայացքներն ու անհատակ աչքերը` լի հուզմունքի, ուրախության ու միաժամանակ տխրության պատառիկներով, վերջին անգամ անցան իմ անթափանց մարմնի վրայով, ու ես, կարծես ստանալով նրանց սրտերի ջերմությունն ու պրկելով վերջին ուժերս, գոչեցի մի այնպիսի անհավատալի ուժգնությամբ, որ գոչյունիս հնչյունները, անվերջ տատանվելով օդի ալիքներում, արձագանքեցին շատ երկար: Արձագանքը բարձրաձավ էլ ավելի վերև, մեծացավ, ընդլայնվեց, գրավեց ողջ հորիզոնն ու վերջապես սկսեց ծանրանալ: Շուտով թուլացավ հաճախականությունը, և ձայնը սկսեց նվազել, դանդաղորեն մարել, ու մարեց հավիտյան: Եվ տարիներ շարունակ ես չեմ նայում մարդկանց աչքերի մեջ, այլևս չեմ լսում ոչ մի ձայն ու հատկապես հզոր արձագանքն այն ձայնի, որն, ի սկզբանե ապրելով իմ մեջ, հանկարծ կարծես ճեղքում էր մութ հոգիս, անցնում մազերիցս հյուսված օվալաձև պատուհանի միջով ու բարձրանում երկինք: Ու հիմա ինձ թվում է` հեռացել եմ ինքս ինձնից, իմ սիրելիներից, իմ հայրենիքից, թեև փաստական հայրենիքս լքել եմ դեռ էլ ավելի վաղ, քան լքեց ինձ իմ արձագանքը: Սարսափելի է հնչում հարյուրամյակ բառը, սակայն կես դարը կամ հիսուն տարին էլ նույնչափ սարսափելի են, եթե խոսքը գնում է քո ապրած, կամ էլ չապրած կյանքի մասին: Հիսուն տարի առաջ ես, մի խումբ ընկերների ու օտարականների հետ հեռացա Նակացուգավայից` թողնելով ճապոնական Գիֆուի բոլոր հրաշքներն ու իհարկե նաև սարսափներն անցյալում: Բայց ով կմտածեր, որ նույնիսկ ամենաամուր ընկերությունը, որ ստիպեց մեզ խաչ քաշել մի ամբողջ պատմության վրա ու մի` վախ ներշնչող համարձակությամբ առաջ գնալ ստեղծելու լրիվ նոր ու անհայտ պատմություն, կարող էր հօդս ցնդել ուղիղ մեկ վայրկյանում:  Հիշում եմ, երբ հիսուն տարի առաջ անցնում էինք ժամանակին իմպերիալիստական մայրաքաղաք Կյոտոյի Օհաշի կամրջով, նա նվիրեց ինձ այն դեղին կտորե վզկապը, որը մինչև հիմա կախված է իմ պահարանում` շագանակագույն թիկնոցիս կողքին: Վերջինս միշտ իմ հագին էր: Նրա երկար ու բարակ մատները սահում էին այդ թիկնոցի վրայով, ու նա մեղմորեն շշնջում էր իմ ականջին. “Ներշնչանքը կին է, Նիմաքե Գակկի, ու քո իդեալական մարմինն իմ ներշնչանք է”:  Նա շոյում էր բրոնզագույն մազերս, պատմում այն գրքերից, որոնք իր մեջ արթնացրել էին մի հետաքրքիր սեր, որը նա կոչում էր սեր ներաշխարհի հանդեպ: Ու ինչ էր այդ ներաշխարը նրա պատկերացմամբ? Արդյոք անսեռ, զուրկ իրական աշխարհի հետ որևէ թվային կապից ու ոչ տարածական ինչ-որ ցնորք չէ?ր, որ նա փորձում էր նյութականացնել, ու համոզված էր, որ գտել է այդ ամենն իմ մեջ: “Հոգիդ ջերմահաղորդիչ մետաղ է. երբ ես քո կողքին եմ, փոխանցում ես ինձ քո ջերմությունը”,- ասում էր նա: Ու մենք հեռանում  էինք Նակացուգավայից` ջերմացնելով իրար ու փորձելով մտապահել ամեն վայրկյանը, քանի որ քաջ գիտակցում էինք, որ ամենայն հավանականությամբ այլևս հետ չէինք վերադառնալու ու չէինք սրճելու նրա սիրելի սրճարանում, ինչպես և չէի տեսնելու ես նրան արբած, Գիֆուի հայտնի պանդոկներից մեկում հայհոյելիս: Այլևս չկա այս պատկերներից և ոչ մեկը, ու միակ բանը, որ մինչև հիմա ինձ հետ է, շագանակից պատրաստվող կուրիկինտոն կոչվող նրբահամ թխվածքաբլիթի բույրն է, որ սիրում էր ուտել նախաճաշին քեռի Մարտինը: Գուցե տարօրինակ թվա, բայց չեմ կարողանում մոռանալ նաև “Մինո Վաշի” կոչվող թղթի, այո, հենց այդ` սովորական թղթից առավել բարակ, սակայն ավելի ամուր ու պինդ թղթի բույրը, որի վրա Մարտինը պատկերում էր իմ նկարը: Բայց էլ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ երևակայությանդ մեջ տպավորվում են ոչ միայն այն դեպքերն ու դեմքերը, որոնք տեղի են ունեցել կամ որոնց հանդիպել ես քո կյանքում, այլ նաև այնպիսի բաներ, որոնք տեղի են ունեցել ասենք օրինակ պապերիդ հետ: Երբ սկսում եմ քրքրել հիշողությունս, հասնել իմ ծննդավայր, մտովի բարձրանալ Օնտակեի գագաթն ու երազել “մինո վաշի” բույրի մասին, հիշողությունս ակամայից սկսում է վազել հետ, անընդհատ հետ ու հասնել այնտեղ, որտեղ ես երբեք չեմ եղել: Գնում է այդ ամուր թղթի հետևից, հասնում ճապոնական զորքին ու հետևում այն զինվորներին, ովքեր խնամքով կտրում էին “մինո վաշին”, որը դարձել էր  Համաշխարհային պատերազմը խորհրդանշող իրերից մեկը: Հիմա չկա քեռի Մարտինի պապը, չկա Մարտինը, վաղուց անհետացել ու չքացել է մեր բարեկամական կապը, սակայն իմ ուղեղի մի հատվածում ես չգիտեմ ինչպես և ինչու տեսնում եմ նրա պապին` զինվորական համազգեստով: Տեսնում եմ նաև նրան, ով ազատեց ինձ իմ աներևույթ հիշողությունների շղթաներից ու նվիրեց մի ողջ կյանք` խլելով նախկինը: “Ես համաձայն չեմ այն տղամարդկանց հետ, ովքեր պնդում են, թե իրենց սիրելի կինը պատկանում է իրենց, սակայն դու, Գակկի, իրավամբ պատկանում ես ինձ, որպես իդեալական անձնավորում մի երևույթի, որն ավաղ անիդեալական է”,- ասում էր նա ինձ, երբ կորցնում էր հավատը իրեն շրջապատողների նկատմամբ,- “Սակայն դու էլ շողոքորթ ես ու հպարտ, միշտ սպասում ես, որ ես քեզ հիշեմ, իսկ դու երբեք չես հիշում ինձ”: Հաճախ էր կրկնում նա այս խոսքերը, ու հիմա կուզեի  ամեն ինչ մոռանալ ու ապացուցել նրան իր սխալ լինելը, սակայն անկարող եմ: Եթե նրա` իմ շողոքորթ ու հպարտ լինելու մասին պատկերացումը կատարյալ սուտ էր, ապա էլ ավելի կատարյալ էր սուտն իմ իդեալական լինելու մասին, քանզի նա կատարելության գաղափարի մեջ փնտրում էր ինչ-որ համակերպում, ներողամտություն ու  հնազանդություն, որը, սակայն, չկար իմ մեջ…
Ապրում էինք Նոր Օռլեանի հյուրանոցներից մեկում, ես հազվադեպ էի դուրս գալիս համարից ու իհարկե միայն նրա ուղեկցությամբ: Իսկ նա երեկոներն անց էր կացնում այս քաղաքի կյանքից բխող բոլոր ձևերով, օրենքներով ու ավանդույթներով: Զավեշտալի է, որ այն մարդն, ով ժամանակին Նակացուգավայում փոստատար էր աշխատել, այժմ էլ շարունակում է իր գործունեությունը, սակայն ծրարների փոխարեն գաղափարներ ու տրամադրություն էր փոխանցում: Այս միտքն այցելում էր ինձ, երբ նրա փոքր-ինչ գինովցած դեմքը ներս էր մտնում մեր սենյակի դռնից, ու նա միանգամից քայլերն ուղղում էր դեպի ինձ. մենք գրկախառնվում էինք, ու մեր տրամադրությունն ու զգացմունքները միախառնվում էին` ստեղծելով մի յուրահատուկ մթնոլորտ: Ինձ հաճախ թվում էր` նրա խոսքերն ինձ չեն ուղղված, և ես ուզում էի նրան ասել “Այդ ես եմ, Գակկին”, սակայն լռում էի: Միգուցե ինձ դուր էր գալիս այդ երկակի խաղը: Այդժամ լռում էին բոլորը, նույնիսկ նորօռլեանական ջազի հնչյուններն ու Միսիսիպին…

Ավաղ, վերջացան ու գնացին նաև այդ լռության, բայց միևնույն ժամանակ մելոդիկությամբ լի վայրկյանները: Անհեթեթություն է, սակայն նրա կապն արտաքին աշխարհի հետ ի վերջո ավարտին հասցրեց մեր հարաբերությունները: Մի օր, երբ մենք արդեն ապրում էինք Վիեննայում, նա վերադարձավ սարսափելի վատ տրամադրությամբ: Ինձ համար չափազանց անսպասելի էր, որ նա չարտաբերեց ոչ մի բառ, չողջունեց ինձ ու առաջին հերթին մոտեցավ սեղանին: Նա վերցրեց գինու դատարկ բաժակը, մի քանի վայրկյան զննեց այն, իսկ հետո ամբողջ ուժով հարվածեց գետնին: Ապակու կտորները ցրվեցին ամբողջ հատակով մեկ, իսկ կտորներից ամենամեծն ընկավ ուղիղ ոտքերիս մոտ: Ես վախից ճչացի, իսկ նա հանեց կոշիկները, մերկ ոտքերով մոտեցավ ինձ, արձակեց մազերիս փունջն ու խնդրեց այլևս երբեք չխոսել իր հետ: Նոր Օռլեանի “Կատրինա”-ն խլել էր նրանից իր անիդեալական սիրելի Ժոզեին, ու նա նախընտրեց մոռանալ իր իդեալական Գակկիին: Նրա մեջ տեղակայվեց վշտի անսասան այսբերգն, իսկ իմ մեջ `վիրավորանքի կատաղի տորնադոն: Այդ օրվանից նա կորցրեց իր կիթառը, այսինքն` ինձ: Այդ օրվանից նա չստեղծեց նոր երգեր`շոյելով լարերս: Այդ օրվանից մենք լռեցինք:


Tuesday, April 28, 2015

Պատմություն մը ձանձրույթից մեռնողի


 Եվ ահա մի պայծառ առավոտ անցյալի ու ապագայի մասին բոլոր հիմար մտքերս թողնելով, որքան էլ պարադոքսալ կհնչի, անցյալում` կենտրոնացա ու որոշեցի լուծել ազգիս բոլոր խնդիրները: Այո, բոլոր: Ճիշտ այն պայծառ առավոտներից էր, երբ գրողները գրչի ծայրով ոլորում են իրենց բեղերը և սկսում գրել ծրագրային գործեր, որոնց միջոցով հույս ունեն, որ անպայման կարողանալու են ցույց տալ մեր ողջ ժողովրդի փրկության ուղին: Այո` ողջ: Ու նման ստեղծագործությունները ևս սկսվում են մի պայծառ առավոտի նկարագրությամբ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հիմնարար հարցերի լուծման համար շատ կարևոր են եղանակային պայմանները: Ամոթ է, որ գլխավոր հերոսի մահվան օրը լինի արևոտ, ու չի կարող պատահի, որ հաշվապահ Արուսի` տասը ամիս Ռուսաստանում ապրած ամուսին Սահակը  տուն վերադառնա մի փոթորկոտ ու մռայլ օր…

 Հավանաբար մեքենայի ապակուց ներս թափանցող արևի շողերի ջերմությունից էին աչքերս փակվել, ու մոռանալով, որ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր այդ պահին միգուցե կախված էր հենց ինձնից, ընկել էի մի լրիվ ուրիշ հարթությունում գտնվող երազների աշխարհ: Մի խոսքով` ինքնամոռաց քնել էի: Մեկ էլ հանկարծ ուղեղիս լսողության կենտրոնն ինչ-որ ծանոթ իմպուլսներ ստացավ: Աչքերս բացեցի ու մի պահ անկեղծորեն զարմացա, թե ով էր ղեկի մոտ նստած այդ գլխարկով անծանոթը, ով, կոտրելով բոլոր վարորդների` անճաշակ երաժշտության ջատագով լինելու կարծրատիպը, միացրել էր Lennon-ի “Imagine”-ն ու քթի տակ ինչ-որ բան էր շշնջում: Բայցևայնպես ինձնից պահանջվեց երեք ու կես րոպե հասկանալու համար, որ կես ժամ առաջ Արարատ քաղաքում նստել էի տաքսի ու այժմ Արարատ-Երևան մայրուղով սլանում էի հայոց մայրաքաղաք: Բայց ինձ համար շատ կարևոր էր հասկանալ, թե կոնկրետ որտեղ էինք գտնվում մենք այդ պահին: Ճանապարհի միապաղաղությունն ու անշուքությունն էին պատճառը, որ այս ճանապարհը շատ լավ իմացող մարդն, ով, սիրած երաժշտության հնչյունները լսելով, արթնանում է քնից, չի կարողանում միանգամից կռահել, թե ուր է հասել: Իջեցրի մեքենայի ապակին, ու աչքս ընկավ հեռվում նշմարվող եկեղեցուն: Սկզբում կարծեցի` Արտաշատում եմ, հետո նկատեցի, որ եկեղեցու գմբեթի տրամագիծը կարծես թե փոքրացել է, եկեղեցին` ընկճվել, կողքի շենքերն էլ մի տեսակ տխրել ու խեղճացել են: Վախեցա. հո բան չի՞ պատահել, կարո՞ ղ է հանկարծ պատահել այնպես, որ այս ամենը կապված լինի վերջին քաղաքական-տնտեսական իրադարձությունների հետ: Սակայն շուտով վերևից լույսի շրջանաձև շող իջավ գլխիս ու հասկացա, որ նախ Արարատից Երևան գնալիս Արտաշատը ուղղակի չի կարող հայտնվել քո ձախ կողմում (եթե իհարկե մեքենան հետընթաց չի շարժվում), և հետո էլ սա լրիվ ուրիշ սուրբ Հովհաննես է: Արտաշատի սուրբ Հովհաննեսը դժվար այսքան նիհար լիներ:
Փաստորեն հասել էի Մասիս քաղաք: Մասիսից շատ պարզ երևում էր Սիսը, իսկ Մասիսի կատարին մի մեծ ամպ էր նստել: Նրանք, ովքեր իրենց Նոյի սերունդներն են համարում ամպը ամենայն հավանականությամբ կնմանեցնեին տապանի: Բայց պարզվում է` ոչ բոլորն են Նոյին համարում իրենց գերդաստանի անդամ, կամ էլ նավի` օդում ծածանվող առագաստը նկատելու փոխարեն ավելի շուտ տեսնում են նավի բնակիչներին:

-Վա~յ, նապաստա~կ, - հանկարծ ոգևորությամբ ասաց վարորդը, - տես` ամպը նապաստակի նման է:

Գլուխս բարձրացրի. ճիշտ որ` նապաստակ էր: Ավելի շատ ուրախացա ոչ թե այն փաստից, որ երկնքում նապաստակ կա, այլ այն բանի համար, որ ինձ երբևէ չէին պատահել նման վարորդներ, ովքեր կարող են մոռանալ իրենց` գործարարի հաջողակ անցյալը և կենտրոնանալ ներկայի վրա: Չնայած դա այդքան էլ հեշտ բան չէ, քանի որ խնդիրն այն է, որ հասարակ վարորդը իրեն չի կարող թույլ տալ ամպերին երկար նայելու ճոխությունը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է բախվի մեկին, ով նույնպես սխալմամբ տարվել է երկնքով:
-Կարո՞ ղ եմ ձեզ խնդրել այստեղ մի քանի րոպե կանգ առնել: Ուզում եմ նկարել նապաստակին:
-Հա, իհարկե, բայց մի քիչ էլ պիտի առաջ գնանք:

Նոր էի գնել Canon լուսանկարչական սարք և ինձ թվում էր` աշխարհի ամենատաղանդավոր լուսանկարչն եմ: Քանի որ այդ հատվածում մեքենաներին չէր թույլատրվում կանգնել, ստիպված էի մի քիչ սպասել, մինչ վարորդը կգտներ մի հարմար տեղ:  Ու մինչև հայտնվեց այդ հարմար տեղը, մինչև իջա մեքենայից և կարգավորեցի ապարատի լուսավորությունն ու ընտրեցի հարմար դիրք, նապաստակս դարձավ մկրատ: Բայց դա ոչ մի կերպ պարտություն չհամարելով, ավելին, համարելով դա բարոյական հաղթանակ` մի քանի կադր արեցի, իսկ հետո էլ հայրենասեր սփյուռքահայի ոգևորությամբ օբյեկտիվն ուղղեցի դեպի Արարատ լեռը ու ուղիղ երեք անգամ սեղմեցի նկարելու կոճակը:

-Վերջ, կարող ենք շարունակել ճանապարհը:

Քաղաքավարի վարորդը բացեց մեքենայի դուռը: Մի փոքր դժվարությամբ տեղավորեցի մարմինս, հետո ավելի մեծ դժվարությամբ պայուսակիս մեջ տեղավորեցի ծանր ապարատն ու վերջապես բավարարվածությամբ փակեցի դուռը: Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը:

-Դեմ չեք լինի՞, որ ռադիո միացնեմ, - հարցրեց քաղաքավարի վարորդը:
-Մմմ...չէ, - համեստորեն պատասխանեցի ես:

Նրա ընտրությունը կանգնեց մի ռադիոկայանի վրա, որի միայն անունն իսկ ինձ մոտ արդեն վախ արթնացրեց. կոչվում էր “Ռադիո Զան”…Այդ պահին մոտս ցանկություն առաջացավ զանգել այդ կայանի տնօրենին ու պարզել`թե բա ընկեր ջան, ի՞ նչն է ստիպել Ձեզ ընտրել նման հետաքրքիր անվանում: Բայց չզանգեցի: Եվ ահա “Ռադիո Զան”-ով հայտարարեցին, որ այժմ կհնչի այս տարի Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում ներկայացնող “Genealogy” խմբի “Face the shadow” երգը, որն ի սկզբանե կրում էր “Don’t deny” անվանումը: Ես ու վարորդը մոտ երեք րոպե համակ ուշադրությամբ լսեցինք երգը, ապա ևս երեք րոպե, ու վերջապես հնչեց առաջին կարծիքը:
-Լավ գաղափար է, ազնիվ գործ են անում, - հպարտությամբ եզրակացրեց վարորդը:
-Հա, ազնիվ է: Միայն ափսոս, որ ազնիվ մետաղներն էլ, թեև քիմիապես կայուն, բայց միևնույնն է կռելի են, ու պատահում է` միջավայրի ազդեցության տակ նաև քայքայվում են:

Տիրեց բազմաբովանդակ լռություն: Լռության նպատակն էր ինձ հասկացնել, որ կան այնպիսի թեմաներ, որոնց շուրջ չի կարելի ծավալվել, ու որոնք շատերը չեն համարձակվում անգամ շոշափել:

-Բայց դե նոր Մոցարտ ո՞ րտեղից գտնենք, - խեղճացած կարծես արդարացավ վարորդը:

Այդ պահին չգիտես ինչու հիշեցի Միքայել Պողոսյանի “Խաթաբալադա” ներկայացումից մի հատված, երբ հարբած Մոցարտը պախարակում է իր մրցակցին, ասելով` “Սալիերի, բայց դու ինչ ախմախ կոմպոզիտոր ես”: Սակայն զսպելով սանձարձակ մտքերս` փոխեցի խոսակցության ուղղությունը.
-Խնդիրը Մոցարտը չէ, խնդիրը մոտեցումն է, վախն ու Ձեր իսկ ասած ազնվությունը: Ձևականությունները լի են վախով: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վախի զգացումը մտածելակերպի, հոգեբանության, գործողությունների ու նաև ֆիզիոլոգիայի վրա: 

Նորից եկավ լռության ժամը:

-Է~, դե մենք շատ փոքր երկիր ենք: Ի՞ նչ պիտի անենք: Ի՞ նչը պիտի փոխենք:


…Ճիշտն ասած այդպես էլ չհասկացա, թե ինչու էր ազնվությունն ուղիղ համեմատական, իսկ վախը` հակադարձ համեմատական մեր երկրի ֆիզիկական չափերին, բայց որոշեցի չշարունակել: Հանեցի ականջակալներս:

Եվս հինգ րոպե, ու մենք արդեն Երևանում էինք, բայց ինձ դեռ չէր հաջողվել լուծել ազգի խնդիրներից գոնե մեկը: Դրա համար էլ, ինչպես և ակնկալվում էր, երկնքում կայծակնային արագությամբ հայտնվեցին մեծ սև ամպեր, ու մեր ճանապարհորդության ամենավերջին փուլում մեքենայի գլխին լցվեց կեղտոտ անձրևաջուր, քանի որ ճիշտ չէր լինի, որ պատմությունը վերջանար չոր ու ցամաք` առանց քամու ու անձրևի: Ավե:


Tuesday, April 7, 2015

Փողոցի անունը Բաղրամյան է *_*


Մեկ, երկու, երեք, չորս: Աջ, ձախ, աջ, ձախ: Փորձում եմ ամեն ոտնաթաթս դնել ուղիղ ուղղանկյունաձև սալիկների անկյունագծերի հատման կետում: Սկզբում ձախ ոտքը, հետո ձախ ոտնաթաթի ուղղանկյունուց մեկ ուղղանկյուն վերև դնում եմ աջը: Ու այդպես երկար շարունակում եմ, մինչև ուղղանկյունիները վերջանում են ու սկսվում են երկար դեղին գծերը. ուրեմն կանգնելու ժամանակն է, քանի որ լուսացույցը կարմիր գույնի լույս է արձակում: Հիմա էլ ամեն մի քայլս մյուսից պետք է երկու գիծ հեռու լինի, որ պահպանվի հորինված անհեթեթ համաչափությունը: Բայց այս անգամ ալգորիթմս կիսատ մնաց. ամեն ինչ վերջացավ ավելի շուտ, քան պիտի վերջանար իմ խաղի օրենքներով, որովհետև ասֆալտի այս հատվածի դեղին զոլերը մի քիչ խամրած էին: Դա ինձ հունից հանեց, բայց ամեն դեպքում ստիպված գլուխս բարձրացրի ու սկսեցի զննել անցորդներին: Հիմա էլ պիտի նայեի սկզբում ձախ մայթի մարդկանց, ապա` աջ: Այդ ընթացքում աչքովս ընկան այլայլված դեմքերով, լույսի արագությամբ աշխատանքի սլացող անձինք, դիմացի մայթում նկատեցի ճեմող, ականջներին հոսանքի լարեր հագցրած երիտասարդ անցորդի, ում համար աշխարհը վերացել էր, ու մնացել էին միայն ռոք բալլադի նախերգանքի հնչյունները: Մեկ էլ տեսա, թե ինչպես է մի տարօրինակ տատիկ ձեռքը պարզած գալիս դեպի ինձ: Սկզբում կարծեցի` հացի փող է ուզում, բայց պարզվեց` տատիկն ուզում էր իմանալ Բաղրամյան փողոցի տեղը, ու ի ուրախություն թեինձ, թետատիկի, նա արդեն իսկ հասել էր Բաղրամյան: Այսօր փողոցում չափից շատ էին մեքենաները, ու ես ամբողջ ընթացքում մտածում էի մի շատ կարևոր հարցի շուրջ. արդյոք մեքենաներից երկինք խոյացող տհաճ ծու՞խն է ավելի անտանելի, թե՞ ականջի թմբկաթաղանթը ծակող ազդանշաններից հյուսված, դիսոնանսերով լի սիմֆոնիան: Եթե պատկերացնենք, որ այս փողոցը երաժշտություն է, ու փորձենք դինամիկայի նշաններ տեղադրել համապատասխան պահերին ու վայրերում, ապա կգանք այն եզրակացության, որ լուսացույցի կարմիր լույսի տակ փողային գործիքները նվագում են մեցցո պիանո, հետո պիանո, դեղին լույսը նրանց պարտիտուրան տանում է կրեսշենդոյի, իսկ կանաչի վառվելուն պես ստակկատոներով հասնում ենք ֆորտեսսիմոյի: Իսկ ես ահա հասա համալսարանի աստիճաններին: Այս անգամ համալսարանը չէր իմ նշանակետը, դրա համար էլ ուղղակի բարեկամաբար ձեռքով արեցի Մարշալ Բաղրամյանին ու շարունակեցի ճանապարհս: Մինչ սպասում էի, որ գետնին նորից հայտնվեն սալիկներ, ու ես սկսեմ ինչ-որ կոմբինացիաների միջոցով հետաքրքրություն մտցնել զբոսանքիս մեջ, իմ աջ կողմում հայտնվեց հայ-արգենտինական դպրոցն` իր մեծ կանաչ թիթեռնիկով ու ոչ պակաս կանաչ այբուբենով: Թե ինչու էր այբուբենի կողքին նստել այդ խոտե թիթեռը, չեմ կարող ասել, կարող եմ միայն ասել, որ այբուբենի վերջին` Ֆ տառից միայն սպիտակ գծագրումն էր մնացել: Երևի քամին էր քշել-տարել, կամ էլ ինչ-որ մեկը պոկել էր այն ու նվիրել իր քեռի Ֆիլիպին, Ֆելիքսին կամ Ֆերդինանտին: Այնուամենայնիվ, ահա և վերջապես եկավ այն հետաքրքիր պահը, երբ ագորաֆոբիկների համար անտանելիորեն լայն Բաղրամյանից անցում կատարեցի կլաուստրոֆոբիկների համար էլ ավելի անտանելի փակ ու մութ մի տարածություն, որը մարդիկ կոչում են գետնանցում: Այնտեղով քայլելիս ինձ կինոյի հերոս էի զգում, ով նարկոդիլերների հետ հանդիպման է գնում: Բայց իմ ֆանտաստիկ մտքերը խառնվեցին իրար, երբ գետնանցման մյուս կողմից երեխաների մի հսկա խումբ, դպրոցից մազապուրծ եղած, աղաղակներով ու ճիչերով սլացավ կողքովս, կամ ավելի ճիշտ վրայովս` տրորելով կոշիկներս: Նրանց ձայները երկար արձագանքեցին տարածքում վատ ակուստիկայի պատճառով: Ես արդեն դուրս էի գալիս այս անշուք վայրից, երբ պատահաբար կարդացի անցումի պատերից մեկին գրված տողերը: Ասում էր- “Make tolma, not war”, իսկ մի քանի քայլ հետո էլ ասում էր- “Թեղուտ”: Փաստորեն անցումները միայն մի մայթից մյուս մայթն անցնելու համար չեն: Դրանք տրանսպոզիցիայի մեթոդ են մի տոնայինությունից մյուսը, մի դիրքից մյուսը, մի կարծիքից մյուսը, մի գաղափարից մյուսը, մի կյանքից մյուսը: Ես էլ անցա մի աշխարհից մեկ այլ աշխարհ` երբ դուրս եկա այդ մութ գետնանցումից: Այդպես հասա Բաղրամյան 51 ու հենց այդ հասցեում նկատեցի մի հետաքրքիր երևույթ. միևնույն մայթի վրա հենց իրար կողքի երկու դեղատուն կար, ու կար ևս մեկ դեղատուն զուգահեռ մայթի վրա: Ես կառաջարկեի նաև երրորդի հարևանությամբ կառուցել չորրորդը, որպեսզի obsessive-compulsive disorder ունեցող և համաչափությունը պաշտող մարդիկ իրենց ավելի հանգիստ զգան: Ու մինչ խորհում էի այս դեղատների միջև մրցակցության ու առհասարակ նմանատիպ բիզնես գաղափարների մասին, հասա այն հայտնի հայելիներին, որոնց մասին գրել էր Անուշը: Կանգնեցի, նայեցի ինձ, գլխարկս ուղղեցի, մեկ րոպե լռությամբ հարգեցի գործարար մրջյունի հորեղբոր հիշատակը ու շարժվեցի առաջ` դեպի պայծառ ապագա: Շուտով նկատեցի, որ պայծառ ապագային հասնելու համար ինձ մնացել է մոտ մի տասը քայլ: Հասա Անելիք բանկին ու վերջացնելով անելիքս Բաղրամյան փողոցում` ճանապարհս շարունակեցի Երզնկյան փողոցով, որտեղ ինձ էր սպասում պայծառ ապագաս: